ԴԱԻՇ-ը սպառնում է երկաթուղի պայթեցնել
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Լիտվային վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով ծայրահեղական խմբավորմանը դրամական փոխհատուցում վճարել: ԴԱԻՇ-ը սպառնում է հրաժարվելու դեպքում պայթեցնել Յոնավա երկաթուղային հանգույցը, որն ԱՄՆ ռազմական բեռների ստացման վերջնակետն է և ամերիկացի զինվորականների նշանակման վայրը: Այդ մասին հայտնում է Info diena հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ ամերիկյան ստորաբաժանումների կայազորն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Յոնավայի «Ազոտ» քիմիական խոշոր ձեռնարկությունից: Իսկ ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Արտուրաս Պաուլաուսկասը հրաժարվել է հրապարակել ստացված վերջնագրի մանրամասները: «Եթե սա վատ կատակ չէ, այդ դեպքում սա շատ լուրջ սպառնալիք է պետությանը»,- նշել է նա: Գումարը, որ պահանջում են ԴԱԻՇ-ի գրոհայինները, չի նշվում: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղեկությունն արդեն փոխանցվել է ՆԳՆ, և ոստիկանությունը հետաքննություն է սկսել ահաբեկչության սպառնալիքի փաստով:
