Թուրքիան տրոհվում է
«Նոր Հայաստան»-ի կազմակերպած քննարկմանը հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարեց, որ այն, ինչի ականատեսն է աշխարհը Միջին Արևելքում, ըստ էության 100 տարի առաջ սկսված և կիսատ մնացած գործընթացի շարունակությունն է:Նրա խոսքով, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կանխատեսել միտումները, որպեսզի ճիշտ քաղաքական դիրք որդեգրի: «Ես առանձնացրել եմ երեք հնարավոր սցենար: Առաջինը լավատեսական է՝ Թուրքիան տրոհվում է, ստեղծվում է Քրդական պետություն՝ Վանից հարավ ընկած հատվածում: Հայաստանն իր գերիշխանությունն է հաստատում Կարսի մարզի վրա և միջազգային համատիրություն է հաստատում Վիլսոնյան Հայաստանի վրա՝ հայերի, թուրքերի, քրդերի շահերի համադրմամբ: Հայաստանին հաջողվում է դատավարությունների և քաղաքական համաձայնությունների արդյունքում Թուրքիայից կորզել բազմամիլիարդ հատուցումներ»,- ասաց Արա Պապյանը: Նա հավելեց, որ քանի որ սցենարն իրականացնելու համար անհրաժեշտ է տևական, խելամիտ ու հետևողական աշխատանք ՀՀ իշխանությունների կողմից, որն այսօր տեսանելի չէ, հետագայի համար էլ ինքը չի տեսնում, հետևաբար այս սցենարի հավանականությունը համարում է միջինից ցածր: Երկրորդ սցենարն այն է, որ Թուրքիան տրոհվում է, ողջ Արևմտյան Հայաստանում ստեղծվում է Քրդական պետություն` բնույթով աշխարհիկ և բարեկամական Հայաստանի նկատմամբ: Հայաստանը նախաձեռնում է մի շարք դատավարություններ Թուրքիայի դեմ, Նախիջևանը դադարում է Թուրքիայի հետ աշխարհագրական սահման ունենալ և Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցնում Իրան-նախիջևան–Հայաստան երկաթգիծը, Ադրբեջանը թևակոխում է կրոնական և էթնիկ խժդժությունների փուլ: Քանի որ սույն տարբերակի իրականացման համար ավելի քիչ ռեսուրս ու գործունեություն է պետք, ապա քաղաքագետը դրա իրականանալու հավանականությունը համարում է միջինից բարձր: 3-րդ՝ հոռետեսական սցենարն այն է, որ Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները մնում են դիմակայության փուլում, Ռուսաստանին չի հաջողվում դուրս գալ տնտեսական ճգնաժամից, Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի են ունենում ռուս-թուրքական ռազմական ընդհարումներ, ակտիվանում է Ղարաբաղի ռազմաճակատը: Ադրբեջանը դառնում է ավելի կրոնական և ազգայնական, Ադրբեջանի ղեկավարությունը տնտեսական ճգնաժամից առաջացած իր բնակչության դժգոհությունն ուղղորդում է Հայաստանի դեմ։
