Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ.Կարեն Քոչարյան
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Հանրությունը վաղուց կողմ չէ Հայաստանի քաղաքական դաշտին, որովհետև ոչ ոք հանրությանը ոչինչ չի հարցնում: Բոլորն ասում են, հասկանալի է, որ ՀՅԴ-ն ունենում է լծակներ, քանի որ մյուս տարի ընտրություններ են, արդեն չկան հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Դաշնակցության ռեալ խնդիրն իշխանության հետ հենց դա էր »: «Այս ամենը ոչ այնքան ՀՀԿ-ին է պետք, որքան շատ ավելի հզոր աշխարհաքաղաքական խաղացողներին:Իրենց պետք է, որ այսօր, երբ Թուրքիայի և Սիրիայի շուրջ գործընթացներ են ընթանում, ՀՅԴ-ն լինի Հայաստանում խաղի մեջ: Կարծում եմ, եթե հետևենք, թե ինչ է կատարվում ռուսական լրատվական դաշտում, ինչ հռետորիկա կա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ապա ևս մեկ անգամ կհամոզվենք իմ ասածի մեջ»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ մյուս պատճառն այն է, որ պետք է ակտիվացնել սփյուռքը` այդ թվում նաև Մերձավոր արևելքի, իսկ համար 1 կամուրջը սփյուռքի հետ հենց ՀՅԴ-ն է. մեր տարածաշրջանում ծավալվող գործընթացներում ՀՅԴ լուրջ անելիքներ ունի: « ՀՅԴ-ն առաջին անգամ չէ, որ կոալիցիայում է:Այն ժամանակ միշտ ասում էր, որ իր մասով է պատասխանատու, իսկ հիմա պատրաստ կլինի՞ նա պատասխանատվությունը կիսել ՀՀԿ-ի հետ, ինձ պետք է ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից լսել՝ կիսո՞ւմ են պատասխանատվությոնը, թե էլի յուրաքանչյուրն ասելու է՝ ես միայն իմ ոլորտի համար եմ պատասխանատու:Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ: Մեր խնդիրն այն է, որ որքան էլ փոքրաթիվ հանրապետություն ենք, չենք ուզում նայել աշխարհին: Այսօր աշխարհում զարգացումները շատ արագ են ընթանում, իսկ մենք մեր համար հանգիստ նստած ենք, թե երբ կստորագրեն, բայց տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում. 6 ամիս հետո կարող է այնպիսի բան փոխվել, որ պորտֆելներն օդում մնան »,- ասաց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար շատ հետաքրքիր է, թե ինչու ՀՅԴ-ն չվերցրեց Սոցապ նախարարությունը որպես սոցիալիստական կուսակցություն, որովհետև կոալիցիաների ժամանակ միշտ Սոցապը եղել է ՀՅԴ-ինը:
