«Գողացված մանկություն» -ը` կրկին Գյումրիում
Ութսունութի աղետը մի պահ խաթարեց Հանրապետության երկրորդ քաղաքի` Գյումրու կյանքի բնական ընթացը: Մի պահ թվաց, որ այլեւս երբեք չի կարողանա գյումրեցին ուղղել մեջքը: Աղետյան խնդիրներին եկան գումարվելու արդեն սոցիալական ծանր լուծը, որի տակ ակամա հայտնվեց գյումրեցին ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Այսօր` աղետից մոտ երեսուն տարի անց, Գյումրին դեռ կրում է իր վրա աղետի հետեւանքները, իսկ գյումրեցին համարվում է Հանրապետության սոցիալապես առավել խոցելին: Այսօրվա Գյումրու եւ գյումրեցիների սոցիալական խնդիրներն է փորձում ներկայացնել գյումրեցի կինոռեժիսոր Արմեն Գասպարյանն իր "Գողացված մանկություն" ֆիլմում, որտեղ տասնամյա փոքրիկ Նինան ներկայացնում է իր ապրած եւ իր զգացած արվեստների եւ արհեստների քաղաքը: Միջազգային մի շարք հեղինակավոր փառատոններից հետո ֆիլմը կրկին Գյումրիում է, եւ փետրվարի քսանին գյումրեցին կրկին հնարավորություն ունեցավ տեսնելու մեծ էկրանից իր հարազատ քաղաքն իր բազմաթիվ խոցերով եւ վերքերով: Շնորհանդեսը կազմակերպվել էր հովանավորությամբ ՀՀ Արդարադատության նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի: Ցուցադրությանը ներկա էր Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ներկայացուցիչներ մարզային եւ քաղաքային իշխանություններից, մտավորականներ: Ֆիլմին ներկա էր նաեւ գլխավոր հերոսուհին` փոքրիկ Նինան:
Ա. Գրիգորյան
