Լավ կլինի՞` ես էլ իմ պատգամավոր ընկերներին վեկալեմ, ձեզ շրջապատենք ու... պատգամավորը՝ լրագրողներին
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր վիրավորեց լրագրողներին և հայտարարեց, որ այսուհետ միայն գրավոր հարցերի է պատասխանելու: Այնուհետև Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում փորձեց պատճառաբանել իր ագրեսիվ վարքագիծը: Հարցին` լրագրողներից մեկին հայհոյել եք, գուցե դա ակամայի՞ց է ստացվել, Սեդրակյանը պատասխանեց, որ հայհոյանք չի եղել, եթե կա տեսագրություն, որտեղ լսվում է հայհոյանք, թող ցույց տան իրեն. «Չի կարելի` գնում են, հարձակվում մարդու վրա: Եթե պետք ա` եկեք իմ կաբինետ, կխոսենք: Լավ կլինի՞` ես էլ իմ պատգամավոր ընկերներին վեկալեմ, ձեզ շրջապատենք ու սկսենք հարցախեղդ անել»: Ինչպես ասել է՝ իրեն վրդովեցնում է այն հանգամանքը, որ իրեն իր ընտանիքի մասին հարցեր են ուղղում. «Իմ ընտանիքի հետ շփվողներից որևէ մեկը չի կարող ասել, որ իմ ընտանիքը ինչ-որ կապեր ունի, սենց, նենց: Ամոթ ա: Կարող ա` իմ հետ կապված հարցեր եղել են, կարող եք ինձ ասել, բայց ոչ թե ընտանիքը»: Հարցին` եթե ապացուցվի, որ հայհոյել է, պատրաստ կլինի՞ ներողություն խնդրել, Սեդրակյանը պատասխանեց, որ հայհոյանք չի եղել, և ինքն էլ որևէ մեկից չի պատրաստվում ներողություն խնդրել:
