Արցախում արտակարգ դեպքի հետեւանքով զոհված Թեմուրը տան կրտսեր զավակն էր
ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով այսօր՝ փետրվարի 19-ին, վաղ առավոտյան զոհված 19-ամյա Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: NEWS.am-ի թղթակցին Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը հայտնեց, որ Թեմուրը բանակ էր զորակոչվել վեց ամիս առաջ: «Տան փոքրն էր, իրենից մեծ երեք քույր ուներ: Հայրն էլ տարիներ առաջ է մահացել»,- ասաց գյուղապետը: Արթուր Մուրադյանի խոսքով՝ հարազատները դեռեւս չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
