Մեծ հարցականների տեղիք
Օրերս ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում կայացած Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկության արդյունքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օգտին «կողմ» քվեարկեց 5 պատգամավոր, իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7: «Սիվիլնեթ» լրատվական կայքի եթերում խոսելով այդ արդյունքներից ու ընդդիմության պատգամավորների պահվածքից, Զարուհի Փոստանջյանը Արման Թաթոյանին պաշտպանելու համար՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին որակել է դասալիք՝ ընդդիմության մեջ: Զարուհի Փոստանջյանը ընդգծված վիրավորական տերմիններ է օգտագործել բնութագրելու համար նախկին զինդատախազին: «Ես կարծում եմ, որ Ջհանգիրյանը միանշանակ պետք է քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին: Սա մեկնաբանելու բան չէ: Ընդդիմության թեկնածուն` Զարուհի Փոստանջյանն էր»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը ընդգծեց, որ միանշանակ պետք էր ձայն տալ ընդդիմության թեկնածուին: «Դա այնքան ակնհայտ է, որ անգամ քննարկման ենթակա չէ: Լավ կլիներ, որ ՀԱԿ-ը սեփական թեկնածու ունենար և մենք չընդառաջեինք իրենց: Այդ դեպքում կհասկանայի Ջհանգիրյանի պահվածքը: Սակայն, այս դեպքում, երբ երկու թեկնածու էր` չեմ հասկանում:Եթե ընդդիմության ներկայացուցիչը` ընդդիմության ներկայացուցչի համար չի քվեարկում `մեծ հարցականների տեղիք է տալիս»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը մի որակում էլ է արեց Ջհանգիրյանի հասցեին. «Բանտախցերից էլ էին ինձ զանգահարում եւ ասում, որ տվյալ անձը, որը գովեց Թաթոյանին, փաստորեն, ինչպես նախկինում եղել էր мусор, կներեք բառի համար, այդպես էլ մնացել է»: Լուսինե Ղազարյան
