Հարս են բերել, բայց տեղը փոքր է.Զարուհի Փոստանջյան
«Իսկապե՞ս ձեր քաղաքական ուժը հեղինակազրկված էր ու պետք էր, որ ՀՅԴ-ն մաքրեր ձեզ: Իրենց կարիքը ունեի՞ք, դրա համա՞ր եք նրանց վերցնում, քանի չունեք համապատասխան մասնագետներ, ռեսուրսներ: Օրինակ՝ Աշոտյանը չէ՞ր համապատասխանում իր հմտություններով: Դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր քաղաքական ուժը ձախողել է ու մեկ այլ ուժի միջոցով փորձում եք դրանք ուղղել, քանի որ բացի քաղաքական համագործակցության հիմնավորումից, այլ բան չներկայացվեց: Արդյոք այս որոշումը բխո՞ւմ է մեր պետության շահից»,-ԱԺ արտահերթ նիստում ,որտեղ քննարկվում էր «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: «Ես այստեղ՝ այս դահլիճում, քաղաքական շատ դրսեւորումներ եմ տեսել՝ խմբակցություններից դուրս գալ, մնալ-չմնալ եմ տեսել: Իմ գործընկերները՝ ՀՅԴ-ն, մանրամասն պարզաբանում տվել են հեղինակազրկման մասին: Իմ թիմում կան ռեսուրսներ, իսկ պարոն Աշոտյանը ամենապատրաստված ՀՀԿ ռեսուրսն է: Անունները կարեւոր չեն, այլ կարեւոր են թիմերն ու տեսլականը: Ես հեռու եմ այն մտքից, որ ձախողումներ եղել են, թերություններ ու դժվարություններ եղել են ու կան, իսկ համագործակցության մենք միշտ պատրաստ ենք եղել բոլոր ուժերի հետ»,-Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ տեւական ժամանակ լինելով ԱԺ-ում ու հետեւելով քաղաքական գործընթացներին, ուզում է խոսել տեսածի դիրքերից: Զարուհի Փոստանջյանը նաեւ ճշտեց. «ՀՅԴ-ն ՀՀԿ հետ համագործակցության շրջանակներում պատասխանատվություն կրելո՞ւ է ապագա ձախողումների համար»: «Քաղաքական համագործակցություն նշանակում է պատասխանատվություն»,- վստահեցրեց Արփինե Հովհաննիսյանը: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՅԴ եւ ՀՀԿ միջեւ տեղի է ունեցել ամուսնություն. «Եվ հիմա ուզում են հարս բերել, սակայն տան պայմանները չեն բավարարում, ու որոշել են մի սենյակը կիսել, որ այդ զույգերն այդտեղ կարողանան բնակվել: Ինձ մոտ տպավորությունն այդպիսին է: Կարծում եմ՝ եթե հարս եք բերում, ուրեմն զգալի գումարներ էլ կտրամադրվեն: Սա մեր հարկատուներիս գումարներն են, որոնց արդյունքում են տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Բոլորս պետք է դեմ քվեարկենք այս նախագծին, քանի որ այս քաղաքական պայմանավորվածությունները արդիական չեն»:
