Որտե՞ղ է Հայրիկյանը /տեսանյութ/
«Ազգային ինքնորոշում միավորման» մի քանի տասնյակ անդամներ փետրվարի 18-ին Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների գերեզմաններին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը, մեր ժողովուրդն այդ քայլով հասկացավ, որ հնարավոր է ընդվզել եւ բռնապետության դեմ»,- նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյան: Ավտոերթին Պարույր Հայրիկյանը չէր մասնակցում: Արկադի Վարդանյանի փոխանցմամբ՝ Հայրիկյանն այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ նախատեսված է նրա գրքի շնորհանդեսը: Երթին միացելեն նաև «Նոր Հայաստանի» անդամները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Նշենք, որ 1921 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում ժողովուրդն ապստամբություն բարձրացրեց ընդդեմ նոր հաստատված բոլշեւիկյան իշխանության եւ քշեց նրանց Երեւանից: Հայաստանում ժողովրդական ապստամբությունը եւ քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն եւ ընդգրկեցին մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։ Փետրվարի 16–18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երեւան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երեւանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Մինչև հետ քաշվելը՝ բոլշևիկները մեկ գիշերվա ընթացքում կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։ Խորհրդային զորքերը ապրիլի 2-ին մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:
