Գալուստ Սահակյանի առողջությունից մինչև օպտիմալացման հարցեր.նախարարը մեկնաբանեց
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը նշեց, որ որոշ ժամանակ է հարկավոր, որ ԱԺ նախագահը լրիվ ապաքինվի: Նախարարի փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանի վիճակն այս պահին լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում: Նշենք, որ Գալուստ Սահակյանը հիվանդանոց է դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։ Անդրադառնալով հարցին, թե առողջապահության նախարարությունում սպասվո՞ւմ են էական փոփոխություններ՝ Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ երեկ վարչապետի մոտ հաշվետվություն է եղել, որը գնահատվել է բավարար: «Իհարկե, եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք աշխատանքային բնույթի խնդիրներ են»,- ընդգծեց նախարարը: Խոսելով նախարարությունում հնարավոր կրճատումների մասին Արմեն Մուրադյանը նկատեց, որ ներկա պահին քննարկվում է օպտիմալացման հարցը՝ ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա` զարգացնելու առողջապահության նախարարության ընդհանուր ռազմավարությունը, և ըստ կարիքների գնահատման` կորոշվի, թե ինչպես պետք է արվի օպտիմալացումը: Նախարարը նշեց նաև , որ նախարարությունում նաև ֆինանսական խնդիրներ կան.«Խնդիրներ առկա են, սակայն փորձ է արվում դրանք վերլուծել, խմբավորել, որից հետո մշակել լուծման ուղիները»: «2015-ին 400 հազարից հիվանդներից 329 հազարին ֆինանսավորել է պետությունը, այս տարի ևս՝ 326 հազար դեպք»,-եզրափակեց նախարարը: Ա.Ավագյան
