Հայկական զինված ուժերը կանցնեն սանձահարման. Դավիթ Տոնոյան
Հայկական զինված ուժերը «Ստատիկ պաշտպանությունից» կանցնեն «Սանձահարման/Զսպման համակարգին»: Այս մասին հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 16-17-ը Վիեննայում կայացած «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ժամանակ: «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացի համար նպաստավոր պայմաններ ձեւավորելու նպատակադրմամբ՝ նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար»,- ասել է Դավիթ Տոնոյանը: «Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով»,- նշել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
