ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջիկայում կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև ստորագրվելիք համաձայնագրի օրը դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ առաջիկայում կողմերը կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին, կներկայացնեն իրենց ծրագրերը: «Չեմ կարող հիմա ասել, թե երբ կստորագրվի, սակայն կողմերն առաջիկայում կհայտարարեն միասնաբար հանդես գալու մասին և կներկայացնեն, թե ինչ ծրագրերի շուրջ է լինելու համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը: Անդրադառնալով տարածքային կառավարման նախարարությունն ԱԻՆ-ից անջատելու մասին կառավարության որոշմանը՝ Շարմազանովը հիշեցրել է, որ փետրվարի 19-ին այդ հարցը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, որի ժամանակ էլ թե հիմնական զեկուցողը, թե պատգամավորները կներկայացնեն իրենց կարծիքները: «Վաղը մենք կլսենք հիմնական զեկուցողին, բոլոր հարցերը ծանր ու թեթև կանենք և կկայացնենք մեր որոշումը»,- եզրափակել է Շարմազանովը:
