Ողբերգական դեպք Երևանում. Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 2-րդ մուտքի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետև՝ թիվ 15 հրշեջ հատուկ ջոկատի աշխատակիցները՝ ավտոսանդուղքով: Ժամանել է նաև 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ պարզել են, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի թիվ 37 բնակարանում և մինչ հրշեջները կհասնեին հրդեհի վայր, տան անդամներն ու քաղաքացիները այնտեղից դուրս են բերել տանտիրոջ՝ 80-ամյա Լիպարիտ Հակոբյանի դին: Հրդեհի հետևանքով այրվել է ննջասենյակում՝ մահճակալը, և ջերմահարվել է զգհեստապահարանը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
