Փոխել եմ կարծիքս.Հրայր Թովմասյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարեց,որ ստորագրված ցուցակների հրապարակմանը սկզբում կողմ է եղել, սակայն այսօր նա դեմ է դրան.«Փոխել եմ կարծիքս, քանի որ խորությամբ վերլուծել եմ, թե ինչու են միջազգային կառույցները պնդում դրանք չհրապարակել: Ստորագրված ցուցակների հրապարակումը չի փոքրացնի կեղծարարությունը: Այս խնդրի լուծման ճանապարհը այլ տարբերակով եմ տեսնում: Չի կարելի մի խնդիր լուծել` մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով: Անկախ նրանից, թե էլեկտրոնային համակարգը կտեղադրվի 3 փուլերում՝ ընտրողների դենտիֆիկացիան, այնուամենայնիվ, պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով: Սա կբացառի կրկնակի քվեարկությունը, ուրիշի փոխարեն քվեարկելն ու տարբեր ընտրատեղամասերում միևնույն անձի քվեարկությունը: Սա հնարավոր է փոքրացնի կեղծիքը»: Ինչ վերաբերում է երկրից բացակայողների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքին, ապա Հրայր Թովմասյանի խոսքով, դա նրանց սահմանադրական իրավունքն է, այլ բան է՝ թույլ չտալ, որ նրանց փոխարեն քվեարկեն այլ մարդիկ:
