Պատերազմը սարերի հետևում չէ.../տեսանյութ/
Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նկատեց, որ ՀՀ երեք նախագահներն էլ պատրաստ են եղել զիջելու ԼՂՀ-ից տարածքներ, սակայն Ադրբեջանը ամբողջն է ուզել: «Վաղարշակ Հարությունյանը շատ սխալ է անում, որ նախագահների քաղաքականության մասին հիմա է խոսում: Ժամանակին, երբ մենք այդ մասին խոսում էինք, մեզ լռեցնում էր: Ազատամարտիկները դա վաղուց գիտեին: Այն ժամանակ, որ մենք այդ մասին բարձրաձայնում էինք Վաղարշակը մեզ լռեցնում էր»,-անդրադառնալով Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանն` ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: Նրա փոխանցմամբ` պատերազմը չի ավարտվել ու դեռ այն անցնելու ուղիները գծագրվում են. «Պատերազմը կավարտվի, երբ ազատագրվի Արցախի պատմական տարածքը: Քաղաքական իրավիճակը պարտադրում է մեզ: Մենք ժամանակ չենք ունենալու երկաթգիծ կառուցենք Իրանի հետ: Պատերազմը, ոչ թե սարերի հետևում է, այլ մեր տան մեջ: Երբ մեր տան պատերազմը ավարտվի, բոլոր հարցերը կլուծվեն»,-ընդգծեց Մանուկյանը: Ազատամարտիկը ցավ է ապրում, քանի որ երկիրը պահող, կռված տղերքի անունը արժեզրկված է. «Բռնում են ու բանտ տանում, իրականության մեջ հերոսները արժեզրկվում են»,-եզրափակեց ազատամարտիկը: Լուսինե Ղազարյան Մանրամասները` տեսանյութում:
