ՀԱԿ-ը կճնշի՞ իշխանությանը. կոչ են անում
«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ամբողջ հասարակությանը, նաև լրագրողներին այս պահին կենտրոնանալ կարևորագույն իրադրության վրա: Պետք է կազմակերպենք միասնական պահանջների պլատֆորմ» ,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ունի կոնկրետ ծրագրավորված պահանջ և փորձելու է իր շուրջը հավաքել հանրությանը . «Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքական կյանքում ամեն բան կարող է լինել՝ կոալիցիաներ, նախարարաների նշանակումներ, Սահմանադրական բարեփոխումներ, բայց կարևորագույն խնդիրները չեն լուծվում և չեն լուծվի, ինչքան էլ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ամուսնանան ու բաժանվեն: Երկրում ոչ մի բան չի փոխվի մինչև երկրում չփոխվի կարևորագույն չարիքը՝ իշխանությունը»: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն հանդիսացավ այն կարևորագույն գործոնը, որը միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց Հայաստանում գործող իշխանությունների ապօրինությունների վրա. «Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծվել այդ ուղղությամբ թռիչքաձև բեկում կատարելու»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Զուրաբյանը փաստեց, որ հանրաքվեի ընթացքը ստեղծել է մի իրավիճակ, որը թույլ է տալիս համախմբման դեպքում պարտադրել խաղի նոր կանոններ: «Այս իշխանությունը իր դիրքերը ամրապնդում է հենց ընտրակեղծարարության միջոցով:Մենք փաստեր ենք ներկայացրել միջազգային հանրությանը և հստակ առաջ ենք գնու»,-ընդգծեց Զուրաբյանը և հավելեց. «Առաջին անգամ միջազգային հանրությունը պատրաստվում է մեզ օգնել՝ զուգակցելով պահանջների կոնսոլիդացված պլատֆորմը և միջազգային ճնշման շնորհիվ իշխանությունը ստիպված է լինելու զիջման գնալ»: Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ պահանջի շուրջ արդեն քննարկումներ են սկսվել «Ժառանգություն», «ՕԵԿ», նաև «ԲՀԿ» խմբակցությունների հետ: Աստղիկ Ավագյան
