Ի՞նչ վնասներ կունենա Հայաստանը դոլարի թանկացումից/տեսանյութ/
Վերջին ամիսներին դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աստիճանաբար բարձրանում են են, իսկ դրամը սահուն կերպով արժեզրկվում Է: Այս հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի վարկային պորտֆելի 65 տոկոսը արտաժութային է: Ստացվում է՝ եթե դոլարի փոխարժեքը ավելի բարձրանա կամ շարունակի մնալ այս մակարդակում, մեր երկրի տնտեսությունը մեծապես տուժելու է: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ մեր երկրի ֆինանսական շուկան այս պահին հիմնականում ներկայացնում է բանկային համակարգը, որը վերջին տարիներին բարելավվել է իր դիրքերը: «Դրամական վայրիվերումները պայմանավորված չեն միայն թղթադրամներով կամ մյուս երկրների արտաժույթներով: Կարևոր հանգամանք է նաև տվյալ երկրի տնտեսական վիճակը: Մեր արժույթն, ըստ էության կարող է ենթակա լինել տատանումների: Արտահանման ու ներմուծման մասին խոսելիս պետք է ասեմ, որ դրանց հարաբերակցությունն անհամաչափ է: Արտահանման ծավալները փոքր են, իսկ ներմուծման ծավալները՝ մեծ: Սա լավ երևույթ չէ», - նկատեց Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետը փաստեց, որ ԿԲ-ն անում է բոլոր հնարավոր քայլերը՝ դոլարի աճը զսպելու համար, բայց միևնույն ժամանակ չբացառեց, որ հնարավոր է՝ մոտ ապագայում դոլարի փոխարժեքը անցնի 500 դրամի շեմը: «Որպես մասնագետ՝ կարող եմ ասել, որ Կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականությամբ անում է համապատասխան քայլեր, որպեսզի կարողանա կանխել դոլարի փոխարժեքի սրընթաց աճը և հնարավորինս կայուն պահել դրամի կուրսը», - հավելեց Վարդան Բոստանջյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
