Երևանի Գրողների միության նախագահն անդամակցել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն անդամակցել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը: «Ինքը մշակութային ծրագրեր ունի, և դա ինձ դուր է գալիս»,- այսպես հիմնավորեց Ափինյանն իր որոշումը և նշեց, որ բազում մշակութային մարդիկ են անդամակցել միավորմանը. «Օրինակ, Հ3-ի տնօրենը շատ լավ մտավորական է և ազնիվ մարդ»։ Խոսքն Արամ Հովհաննիսյանի մասին է, որը հանրությանը հայտնի է «Որոգայթ» սերիալի Զավենի իր դերով: «Հասկանո՞ւմ եք, դա գաղափար է՝ հայկական վերածնունդ, ո՞վ չի ցանկանում, որ մեր այս իրականության մեջ ոգևորություն լինի, մենք հոգնել ենք անվերջ բողոքներից՝ դժգոհություն, արտագաղթ։ Շատ մտահոգիչ է, շատ, պիտի անձինք հայտնվեն, որ խոսեն հայկական վերածննդի մասին»,- ոգևորված բացատրում էր Ափինյանը։ Բայց չէ որ ժողովուրդը չի մոռացել 2008-ին Արթուր Բաղդասարյանի միանալը Սերժ Սարգսյանին։ «Ոչ մեկի առջև պետք չէ դուռ փակել, ես այն կարծիքին չեմ, որ հանրապետության 3 նախագահները բացասական դեր կատարող մարդիկ են, մենք ենք ստեղծում շողոքորթության այն մթնոլորտը և այդպիսով գոյացրինք մի իրավիճակ, որտեղ հիմնականում վարկաբեկված մարդիկ են, ես սա ճիշտ չեմ համարում… Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, պատճառ նշել, բայց ուզում եմ, որ պարոն Բաղդասարյանը հաջողություն ունենա, որովհետև իր հաջողությունը բոլորիս համար է լինելու հաջողություն: Կարծում եմ, որ այս լավ գաղափարին պետք է հաջորդեն լավ գործեր, ես կնպաստեմ, որ մեր կյանքում մի լավ բան լինի»,- ասաց Ափինյանը, որը վստահ է իր և յուրայինների ուժերին․ «Մեկ ամսում ոգևորության ալիք կարող ենք բարձրացնել, կարող ենք իրավիճակ փոխել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
