Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել. Freedom House
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ապրլի 4-ին հրապարակել է «Անցումային երկրնե- 2017» զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի ընտրական գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին, ազգային ժողովրդավարական կառավարմանը, դատարանների օրինականությանը և անկախությանը, կոռուպցիայի կատեգորիաներին: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Զեկույցում տեղ գտած երկրների ժողովրդավարական պատկերը գնահատվել է 1-7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը համարվում է ամենադրական, իսկ 7-ը ամենաբացասական ցուցանիշը: Ադրբեջանի ընտրական պրոցեսները, քաղաքացիական հասարակության իրավիճակը , անկախ լրատվամիջոցների դրությունը, ազգային ժողովրդավարական կառավարման համակարգը, դատարանների օրինականության և անկախության աստիճանը և կոռուպցիայի իրավիճակը գնահատվել է 7 բալ, տեղական ժողովրդավարական կառավարումը` 6.50 բալ: Այս բոլոր գործոնների հանրահաշվի արդյունքում Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել է 6,93 բալ:Կազմակերպության 2016-ի համանման զեկույցում Ադրբեջանի ժողովրդավարական իրավիճակը գնահատվել էր 6,86 բալ, այսինքն`վերջին մեկ տարում Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել:
