Ընտրություններն արտացոլել են մարդու ազատ կամարտահայտման իրավունքը
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը դիտարկելով խորհրդարանական ընտրությունները՝ որոշ տեղամասերում արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման, կրկնակի քվեարկության դեպքեր,Հայելի ակումբում լրագրողներին ասաց լ կազմակերպության քարտուղար Հասմիկ Սարգսյանը։ «Եղել են նաեւ ընտրողների ուղղորդման, տեղամասային կենտրոններում կողմնակի անձանց ներկայության, ընտրողների կուտակումների, բաց քվեարկության, ընթացակարգային խախտումների, ընտրողների ցուցակագրման, վստահված անձանց եւ ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության գործադրման առանձին դեպքեր։ Այդ անճշտությունները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ եթե անգամ պարտված ուժերի ստացած ձայները կրկնապատկվեն, ապա այդ ուժերը միեւնույն է՝ չէին կարողանա հաղթահարել անցողիկ շեմը»,ասաց նա: «Հավասարակշռված մթնոլորտ էր, նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Մրցապայքարի մեջ այս անգամ հանդուրժողական մթնոլորտ էր: Դատապարտելով ամեն տեսակի բռնարարք, դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ ցանկացած միջադեպի ժամանակ, անհապաղ կերպով, համապատասխան արձագանք էր ստանում պատկան մարմինների կողմից: Խոսքս մասնավորապես վերաբերում է ընտրակաշառքներին եւ ընտրողների վրա ներգործություն ունենալու դեպքերին»,- ասաց Հասմիկ Սարգսյանը: «Արձանագրված խախտումները չէին կարող ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցություն ունենալ, կարող են ազդեցություն ունենալ զուտ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վրա: Կարծում ենք՝ ընտրություններն արտացոլել են մարդու ազատ կամարտահայտման իրավունքը»: Նա տեղեկացրեց նաեւ, որ եղել են ընտրակաշառքի դեպքերի մասին հայտարարություններ, սակայն իրենց կազմակերպության դիտորդները ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում. «Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզչությունը եւ ընտրությունների օրվա ընթացքը կազմակերպությունը գնահատում է դրական եւ արձանագրում որոշակի բարելավում՝ նախորդ ընտրությունների եւ վերջին հանրաքվեների համեմատ»։
