Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանի ընտրություններին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
Արևմտյան մամուլը անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու արդյունքներին: Euronews-ի հաղորդմամբ խորհրդարանական ընտրություններն արձանագրում են Հայաստանի քաղաքական կյանքում նոր մի դարաշրջան, որի արդյունքում ձևավորվում է խորհրդարանական կառավարման նոր համակարգ: Euronews-ը նշում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քննադատները նրան մեղադրում են այս փոփոխությունների միջոցով իշխանությունը պահպանելու փորձի մեջ: Այս կարծիքը հերքում է նախագահ Սարգսյանն ու նրա թիմը: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին է գրել նաև գերմանական Deutsche Welle-ն, որը նշում է, որ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած նախագահ Սարգսյանի գլխավորած իշխող Հանրապետական կուսակցությունն ու երկրորդ տեղում հայտնված Գագիկ Ծառուկյանի գլխավորած ընդդիմադիր քաղաքական դաշինքը, Ռուսաստանի հետ սերտ համագործակցության կողմնակիցներ են և նույն մոտեցումներն են կիսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Պարբերականը գրում է, որ ընտրություններին գրանցվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ այլ տեսակի խախտումներ: Bloomberg-ը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է ընտրությունների վերաբերյալ ստացած 1300 բողոքները, իսկ Հատուկ քննչական ծառայության վարույթում են հայտնվել 73 բողոքներ, որոնք կարող են քրեական բնույթ ունենալ: Լրատվական գործակալությունը մեջբերում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, ուր նշվում է, որ ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով: Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
