Եղել են ընտրակաշառքի դեպքերի մասին հայտարարություններ.«Ընտրությունը քոնն է» հ/կ
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության քարտուղար Հասմիկ Սարգսյանը ,դիտարկելով խորհրդարանական ընտրությունները՝ որոշ տեղամասերում արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման, կրկնակի քվեարկության դեպքեր։ «Եղել են նաեւ ընտրողների ուղղորդման, տեղամասային կենտրոններում կողմնակի անձանց ներկայության, ընտրողների կուտակումների, բաց քվեարկության, ընթացակարգային խախտումների, ընտրողների ցուցակագրման, վստահված անձանց եւ ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բռնության գործադրման առանձին դեպքեր։ Այդ անճշտությունները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ եթե անգամ պարտված ուժերի ստացած ձայները կրկնապատկվեն, ապա այդ ուժերը միեւնույն է՝ չէին կարողանա հաղթահարել անցողիկ շեմը»,-ասաց նա: «Եղել են ընտրակաշառքի դեպքերի մասին հայտարարություններ, սակայն մեր կազմակերպության դիտորդները ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում: Ընդհանուր առմամբ նախընտրական քարոզչությունը եւ ընտրությունների օրվա ընթացքը կազմակերպությունը գնահատում է դրական եւ արձանագրում որոշակի բարելավում՝ նախորդ ընտրությունների եւ վերջին հանրաքվեների համեմատ»,ասաց նա: Կազմակերպության դիտորդները ընտրությունները դիտարկել են 998 տեղամասերում։ Դիտարկված տեղամասերը կազմում են ընտրությունների օրը բացված տեղամասերի 50 տոկոսը։
