«Պադյեզդներում բացում են մեշոկն ու աջ ու ձախ բաժանում». Կարեն Քոչարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ հետընտրական գործընթացներ, փաստացի, չեն լինելու:«Այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ նախորդների համեմատ ընտրատեղամասերում որևէ լուրջ միջադեպ չի եղել, ավելին՝ հետաքրքիր մշակույթ ձևավորվեց, որ պարտված ուժերը ընդունեցին պարտությունը: Տեխնոլոգիական նորամուծություններն ազդեցություն ունեցան նույնիսկ «թաղի խուժանի վրա»», - ասաց Կարեն Քոչարյանը։ Ըստ նրա՝ մարդկանց մի մասն ընտրել է դեմ գնալով իր խղճին: «Տաքսու վարորդը, ով չի ընդունում Հանրապետականին, բայց որպեսզի վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, ձայնը իշխանությանը տվեց», - փաստեց նա՝ տեղեկացնելով, որ այդ մասին լսել է տաքսու մեջ: Նրա համոզմամբ՝ փող բաժանողներն այս անգամ ակնհայտորեն բացեիբաց էին գործում. «Մեզ մոտ դա արվում է կացնային մեթոդներով, երբ պադյեզդներում բացում են մեշոկն ու աջ ու ձախ բաժանում: Իսկ մարդիկ փողը վերցրել են, գնացել ընտրել են նրան, ում պիտի ընտրեին, հետևաբար բողոք չի կարող լինել»։
