Ի՞նչ աճի մասին է ասում վարչապետը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանին ՀՆԱ-ն աճ է արձանագրել: «ԵՏՄ-ում առկա պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, ինչի առնչությամբ հարկավոր է նշել, որ վիճակագրական տվյալներով, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ-ն աճ է գրանցել»,- ասել է վարչապետը: Իրականությունը, սակայն «փոքր-ինչ» տարբերվում է այս պնդումից: 2014 թվականին, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ չէր, նրա ՀՆԱ-ն պաշտոնական տվյալներով կազմել էր 11.2 միլիարդ դոլար: ԵՏՄ-ին անդամակցելու առաջին և երկրորդ տարիներին` 2015 եւ 2016 թվականներին մեր ՀՆԱ-ն կազմել է 10.5 միլիարդ դոլար: Այլ կերպ ասած, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո երկու տարի շարունակ մեր ՀՆԱ-ն մոտ 6 տոկոսով ավելի քիչ է եղել «մինչԵՏՄ»-ական վերջին տարվա ցուցանիշից: Թե ինչ աճի մասին է մատնացույց անում ՀՀ վարչապետը, այնքան էլ հասկանալի չէ»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։
