«Շահախնդիր բարեգործությունն ամենամեծ չարագործությունն է». Լևոն Զուրաբյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր Վանաձորում էր: Ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց.«Այն պահից, երբ հաստատվում է խաղաղության պայմանագիր՝ հաստատված գերտերությունների կողմից, այլևս կարելի է համարել Ղարաբաղի ինքնորոշումը կայացած փաստ։ Մենք ընդամենը դա ենք ուզում։ Իսկ հող տվողները, արյան գնով ձեռք բերված հող տվողները նրանք են, էն արկածախնդիր սրիկաները, որ ասում են՝ չէ, մինչև վերջ պիտի պահենք, մի բան էլ՝ գնանք մինչև Քուռ հասնենք»: «Այդ մարդիկ խաղում են հայ ժողովրդի բախտի հետ, և, եթե թողնեն դա անել, նրանք Հայաստանն ու հայ ժողովրդին հասցնելու են մի նոր աղետի։ Մոտենում է պահը, երբ կարող ենք ընկնել սերբական Կրաինայի օրը,- զգուշացրեց Զուրաբյանն ու խնդրեց բացատրել բոլորին, որ ոչ մի այլ կուսակցություն չի ցանկանում ճշմարտությունն ասել հայ ժողովրդին, մյուս ուժերը զբաղված են պատեհապաշտությամբ, նրանց ծրագրերը խոստումների ծրագրեր են, իսկ իրենց ծրագիրն իրատեսական է,- Նրանցը շղարշ է՝ ժողովրդին խաբելու, իշխանություն վերցնելու և ժողովրդին կեղեքելու համար: Արդյոք կաշառք տվողը կարո՞ղ է պետական մտածողություն ունենալ, կամ կարո՞ղ է շահախնդիր բարեգործություն լինել:Շահախնդիր բարեգործությունն ամենամեծ չարագործությունն է»։
