Անահիտ Բախշյան․ Հատուկ այս վիճակին են հասցրել, որ փողով հետո ձայները առնեն. տեսանյութ
«Մալաթիա-Սեբաստիան Սամվել Ալեքսանյանի տարածքն է»,- ասաց ընտրողներից մեկը քարոզարշավի դուրս եկած Անահիտ Բախշյանին, գրում է azatutyun.am-ը:
«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակով նույն վարչական շրջանում պատգամավորի թեկնածու առաջադրված Բախշյանը պատասխանեց՝ Սամվել Ալեքսանյանից բացի նաև ես եմ առաջադրված այստեղ:
Մի տղամարդ ասաց, որ թեև ինքը «դակումենտով» «Բարգավաճ Հայաստանի» անդամ է, բայց ընտրելու է Ալեքսանյանին․ - «Որովհետև մեր շրջանն ա ինքը․․․ Մեր Ալեքսանյանը էղել է, ես էլի իրան ընտրում եմ, որովհետև լավ ա նայում»:
Ի դեպ, տարիներ առաջ հենց այս վարչական շրջանում էին քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանին ընտրողներն ասել, որ Սամվել Ալեքսանյանն իրենց համար «Հիսուսից հետո երկրորդ մարդն է» և խափանել նրա քարոզարշավը:
«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակի առաջին կին թեկնածուն Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի էր դուրս եկել կուսակցության 9 երիտասարդ թեկնածուների հետ:
«25 տարվա մեջ արդեն կան քաղաքական գործիչներ, որոնց վաղուց արդեն կարելի է թոշակի ուղարկել, նոր մարդիկ են պետք», - ասաց երիտասարդներից մեկը: - «Պարբերաբար փոխելով տնտեսական դաշտի խաղի կանոնները, փորձելու ենք հավասար մրցակցային դաշտ ստեղծել»:
