2016 թվականին Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել
Ռուսաստանի Պետական դումայի իրավական հարցերով հանձնաժողովը երկարատեւ քննարկումներից հետո երեկ դրական եզրակացություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է «Արմատների իրավունքի» հիման վրա Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել ռուսաց լեզվի կրողներին, ովքեր ծնվել են Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում եւ նրանց հետնորդներին ու ազգականներին, տեղեկացնում է Armtimes.com-ը։Կայքը գրում է, որ եթե օրինագիծը նման տեսքով արժանանա Պետական դումայի հավանությանը, կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանում հաստատված տասնյակ հազարավոր հայեր, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող հազարավոր քաղաքացիներ, կօգտվեն նոր օրենքի ընձեռած հնարավորություններից եւ Ռուսաստանի քաղաքացիություն կընդունեն: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանի 22 հազար 264 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել։ Համեմատության համար՝ 2015 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել Հայաստանի 18 հազար 653 քաղաքացի։ Այս ցուցանիշով Հայաստանի քաղաքացիները թվով չորրորդն են։
