Երբ խուժանը հասարակական գործեր է անում,ու նրան գլխին չեն տալիս, նա լկտիանում է.դեսպան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակելուն .«Դա ուղղակի աղետալի է: Նա ամեն անգամ բազմաթիվ մամուլի ասուլիսներում հայտարարել է, որ քանի որ Ղարաբաղի հարցը չի լուծվում խաղաղ ճանապարհով, պետք է անցնել զինված պայքարի եւ ինքը պատրաստ է զենք վերցնել եւ դուրս գալ պայքարի»: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար նշանակելու պահանջով մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացրած դիմումը գրված ու չգրված բոլոր օրենքների կոպիտ խախտում է համարում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի դեսպանը հանդես է գալիս որպես հրձիգ՝ նշելով, որ իր ձեռքով զենքը կվերցնի եւ կգնա, կկռվի Լեռնային Ղարաբաղի դեմ. «Եթե այդ խնդիրը միայն Լեռնային Ղարաբաղը լիներ, հարցի կեսը կլիներ, բայց նա նաեւ կոչ է անում շարունակել այդ գործողությունները Հայաստանի դեմ: Այդպիսի մարդկանց դիվանագետներն իրար մեջ անվանում են բարոյական ու դիվանագիտական ուռոդ:Այդ մարդը, փաստորեն, հանդես է գալիս այդ դիրքերից: Երբ որ խուժանը հասարակական գործեր է անում, ու նրան գլխին չեն տալիս, նա լկտիանում է, սա այդ դեպքն է»,- ասաց Արման Նավասարդյանը: Ինչպես կարող է Փոլադ Բյուլբյուլօղլին լինել բարի կամքի դեսպան կամ բարի կամքի դեսպան նշանակող: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ կոչ արեց միասնականություն դրսեւորել եւ ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը:
