Խարդախություն են անում. «Նարինջի կամ սոխի անվան տակ լոլիկ են մաքսազերծում»
Այսօր Հայելի ակումբի հյուրերն էին Արարատի մարզի ֆերմերներ, որոնք իրենց մտահոգությունները բարձրացրին այն մասին, որ ջերմային տնտեսությունները փլուզվում են: «Մենք` որպես գյուղացի, այսօր չենք ցանկանում որևէ մեկից ողորմություն խնդրենք: Մենք ունենք հող, ունենք եռանդ, ունենք ցանկություն աշխատելու, արարելու, ստեղծելու», -նշեցին նրանք: Ինչպես ասացին՝ չեն կարողանում սպառել իրենց ապրանքը հայկական շուկայում: Պատճառը թուրքական ապրանքի ներկրումն է չափազանց ցածր գնով. «Իրենք բերում են Թուրքիայից ու շատ էժան են վաճառում, որովհետեւ նարինջի կամ սոխի տակ լոլիկ են մաքսազերծում: Եթե ուզեմ Թուրքիայից բերեմ լոլիկ, վրաս կնստի 300 դրամ պլյուս ճանապարհածախս ու մաքսազերծում, էդ ո՞նց են 350- ով այդքանից հետո վաճառում, եթե եկամուտ չեն ստանում, ինչի՞ են բերում: Ուրեմն հաստատ, մաքսակետում արտոնություններ ունեն»,- ասում է ֆերմեր Արմեն Սիմոնյանը: Կառավարությանը ֆերմերները խնդրում են աջակցել իրենց:
