Միհրան Պողոսյանը՝ իր քարոզարշավի մասնակից զոհված զինվորների մայրերի եւ նրանց տված արգելքի մասին
Թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն «աշխատելու է այնտեղ, որտեղ կուսակցությունը կորոշի»։ Այս մասին Զեյթուն մշակութային կենտրոնում նախընտրական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Վարչապետի խոսքը, թե չի տեսնում Պողոսյանին կառավարությունում, կարծես թե զարմացրեց ձեզ հարցին, Պողոսյանը չհամաձայնեց․ «Դա ձեզ թվաց»: Ճշտող հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, Պողոսյանն ասաց շատ լավ։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ ըստ լուրերի իրեն արգելված է Ավան վարչական շրջանում քարոզչություն անել, Միհրան Պողոսյանն ասաց, որ ծիծաղելի հարցերին չի պատասխանում։ Մեր հարցին, թե արդյոք իրեն վատ չի՞ զգում, որ զոհված զինծառայողի մոր կերպարի շնորհիվ նախընտրական PR է իրականացնում, ինչի համար հասարակությունն իրեն քննադատում է, Պողոսյանն ասաց․ «Վատ եմ զգում, որ կարող է էդպես մեկնաբանվել, եթե մարդ ուզում է իր կարծիքը հայտնել եւ պարզապես շնորհակալություն է ասում․․․ Վատ եմ զգում բոլոր այն լրատվամիջոցների փոխարեն, որոնք վերագրեցին որպես PR»։ Դիտարկմանը, որ կարծես թե այդ կանայք այլեւս չեն մասնակցում քարոզարշավին, ԴԱՀԿ նախկին պետն ասաց․ «Ես արգելեցի գալ, նրանք շատ էին ուզում, բայց քանի որ տեսա, որ որոշակի լրատվամիջոցներ օգտվում են այդ առիթից, արգելեցի»։ Միհրան Պողոսյանը չցանկացավ անդրադառնալ օֆշորային սկանդալին՝ որակելով այն շոու որոշների կողմից ծրագրված։ Մեր հիշեցմանը, որ ինքն աշխատանքից ազատվելու է նախագահի հրամանագրով, այդ դեպքում ո՞վ է շոոի հեղինակը, Պողոսյանն այդպես էլ չպատասխանեց՝ ասելով, որ ազատվել է իր դիմումի եւ նախագահի հրամանագրի համաձայն։ Դիտարկմանը, որ 100-ից ավելի նախընտրական շտաբեր ունի, ինչպե՞ս է այդ ծախսերը հոգում, Միհրան Պողոսյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Շտաբերը մեր թիմի մարդիկ են, պահելու խնդիր չկա»։ Ճշտող հարցին՝ կամավորության սկզբունքներո՞վ են աշխատում, Պողոսյանն ասաց՝ մոտ 90 տոկոսն այո։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու իր մրցակիցների դեմ, Պողոսյանն ասաց․«ուղեղով եւ թիմով»՝ բացառելով ընտրակաշառքները։ Սեդա Ղուկասյան
