«Իշխող կուսակցությունը դարձյալ կանխավ կեղծում է ընտրությունները». Րաֆֆի Հովհաննիսյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավին այսօր մասնակցում է նաև դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Ապարանում ասաց, որ նոր է վերադարձել ԱՄՆ-ից եւ միացել դաշինքի քարոզարշավին: Ինչպես ասաց՝ իշխող կուսակցությունը պետք է մտածի իր կուսակցապետի հետ պատասխանատվության ենթարկվելու մասին:Ըստ Հովհաննիսյանի, ՀՀԿ-ն իր կուսակցապետի հետ միասին այսօր ֆալշ հարցումներ է կազմակերպում: «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տևական ժամանակ գողացվել են ընտրությունները, և այս դաշինքը ներկայացնում է այլընտրանքը, որը մրցունակ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ ընտրությունները հիմնված են կեղծված հանրաքվեի վրա, իշխող կուսակցությունը դարձյալ կանխավ կեղծում է ընտրությունները: «Դրա համար շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը, ոչ իշխանական դաշտը, այն դաշտը, որը չի զավթել իշխանությունը ժողովրդից, գտնի համախմբում հետընտրական շրջանում»,- ասաց նա:
