«Ես եթե-ներով չեմ խոսում: Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ». Հրանտ Բագրատյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր ևս ներկա էր Երևանի Կենտրոն համայնքում իրականացվող քարոզարշավին: Քարոզարշավը մեկնարկեց կուսակցության գրասենյակից, քայլերթով՝ մինչև Հյուսիսային պողոտա, որտեղ բացվեց կուսակցության նոր շտաբը: Հրանտ Բագրատյանը նշեց, որ իրենց ծրագրում ներառված են բոլոր ոլորտները, ինչպես և պահանջում է Սահմանադրությունը, միաժամանակ հայտարարեց, որ իրենք ձգտում են մեծամասնության: Լրագրողի հարցին՝ իսկ եթե հանկարծ մեծամասնություն չկազմե՞ն, վերջինս պատասխանեց. «Ես եթե-ներով չեմ խոսում: Եթե մորաքույրս տղա լիներ, քեռիս կլիներ»: Անդրադառնալով նախընտրական խոստումներին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Մենք հստակ տեսնում ենք, որ ներդրումների մասին հայտարարությունները հեքիաթներ են՝ ամենուրեք կբարձրանա ինքնազբաղվածությունը, կզարգանա փոքր բիզնեսը: Այդ ամենը սուտ է: Մենք ժողովրդին բացատրում ենք, որ դրանք բացարձակ սուտ և հորինված բաներ են: Ոչ մի գործարանի կառուցում չի փրկելու իրավիճակը, սա բոլորը պետք է հստակ հասկանան»:
