Ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում. վարչապետ
Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Կառավարությունը դեկտեմբերին բոլոր համայքներին մեթոդաբանություն է ուղարկել, որով համայնքապետերը պետք է համայնքի 5 տարվա զարգացման ծրագիր ներկայացնեն: «Համայնքապետը պետք է ներկայացնի այսօրվա իրավիճակը, թե ինչքան է միջին աշխատավարձը, ինչքան է գործազրկությունը, քանի տոկոսն է արտագաղթում, ինչու է արտագաղթում եւ այլն, եւ այլն: Եվ համայնքապետը պետք է ներկայացնի ծրագիր, թե ինչ է պետք, որ համայնքն այս 5 տարվա ընթացքում զարգանա: Մենք այդ հարցում նրան մենակ չենք թողնի, բայց ինքը պետք է բեռի մի մասն իր վրա վերցնի, իսկ մենք կօգնենք: Օրինակ՝ ասի, որ ինձ երկու կաթի գործարան է պետք, ես սա եմ անում, պարոն վարչապետ, խնդրում եմ այս մասով էլ դուք օգնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը խորհուրդ տվեց անպայման ծանոթանալ ծրագրին: «Ես ուզում եմ, որ դուք համոզված լինեք, որ ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում, բայց որպեսզի հասկանանք, թե ով ինչ է անում, պետք է խնդիրը գույքագրենք, տարածքի առավելությունները գնահատենք, որից հետո սկսենք աշխատել: Մի բան հիշեք, քաղաքապետը պետք է իր համայնքի դարդուցավն իմանա, բոլոր խնդիրներին ծանոթ լինի»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
