«Ելք» դաշինքը գուցե դառնա կուսակցություն
ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ հանդիպմանը կոչով հանդես եկավ.«Չընտրեք նրանց, ովքեր կաշառք են Ձեզ առաջարկել: Ճշտեք՝ ո՞ր քաղաքական ուժից են գալիս-առաջարկում եւ որոշեք, որ այդ ուժն անելիք չունի ձեր պետության կայացման գործում»: «Ընտրակաշառք բաժանողները եւ ձայների հավաքագրմամբ զբաղվողները փորձելու են խորամանկ մեթոդներով իրենց ճիրանը գցել ընտրողներին: Նրանք Ձեր հարեւաններն են, «ԺԷԿ»-երի պետերը, դպրոցների տնօրենները, որոնք Ձեզ մասնակից են դարձնում ՀՀԿ-ի օգտին քվեարկելու գործընթացին»,-մեկնաբանեց նա: «Մինչ օրս հանրության մի մասի համար հասկանալի չէ՝ ինչպե՞ս մեկ դաշինքում միավորվեցին տարաձայնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: Զարմանում եմ եւ ուրախանում, որ նրանց միջեւ, այնուամենայնիվ, գտնվեցին ընդհանրություններ: Բացահայտել ենք, որ մենք մեծ հաճույքով ենք աշխատում, առանց ավելորդ «ամբիցիաների», որեւէ մեկի առաջնահերթության խնդիր չկա»,-հավելեց թեկնածուն: Նաը նաեւ չբացառեց, որ ընտրություններից հետո «Ելք»-ը գուցե մեկ միասնական կուսակցություն դառնա. «Արհեստական բան չի կարող տեղի ունենալ, բայց բացառված չէ»:
