Աթեշյանը պետք է հրաժարվի փոխանորդի պաշտոնից.Սարգիս Հացպանյան
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստան է կանչել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին :Դա արվել է, որպեսզի ժողովում փորձեն լուծում տալ Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցածին: Հնարավոր լուծումն այն է, որպեսզի մինչև պատրիարքի ընտրությունները պատրիարքարանի հոգևոր խորհուրդը երեք ավագ եպիսկոպոսների՝ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանի, Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև ընտրի տեղապահի, ով պետք է կազմակերպի Պատրիարքի ընտրությունները, բայց այդ դեպքում, Աթեշյանը պետք է հրաժարվի փոխանորդի պաշտոնից», - Հայելի ակումբում լրագրողներին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է արդեն ժամանել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը, ով համարվում է ամենատարեց ավագ եպիսկոպոսը, որը և մասնակցելու է Էջմիածնում կայանալիք ժողովին: Կաթողիկոսն է հենց հրավիրել այդ բարձրաստիճան հոգևորականներին այն բանից հետո, երբ փետրվարի 15-ին՝ Պոլսո պատրիարքարանում՝ գաղտնի ժողովի ժամանակ հոգևորականների կողմից թուրքերենով արձանագրություն է կազմվել այն բանի մասին, որ Արամ Աթեշյանը պատրիարքի փոխանորդ կմնա մինչև հաջորդ ընտրությունները, որոնք, ըստ այդ փաստաթղթի, տեղի կունենան մայիսի 28-ին,պատմեց Հացպանյանը: Այդ արձանագրությունը հակասում է եկեղեցական օրենքին, համաձայն որի՝ արգելվում է եկեղեցում ունենալ երկու գլուխ մինչև պատրիարքի ընտրություները. կամ պետք է լինի փոխանորդ, կամ տեղապահ: Հենց դա է անհանգստացրել կաթողիկոսին, որը հենց ժողովի գիշերը զանգել է Սահակ Մաշալյանին և իր վրդովմունքը հայտնել՝ այդ փաստաթուղթը ստորագրելու համար,ասաց նա
