Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ, քանի որ տեղացած առատ ձյան պատճառով գյուղից դուրս գալը դարձել է մի իսկական պատուհաս։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ Մենք լրիվ ասես արհամարհված լինենք տեղական իշխանությունների կողմից։ Ոչ Արագածոտնի մարզպետարանը, ոչ է Թալինի ճանշինը աշխատանքներ չեն կատարում, որպեսզի գլխավոր ճանապարհներից հեռացվի մոտ 2 մետրից ավել, իսկ որոշ տեղերում էլ 4 մետր բարձրության հասնող ձյունն ու մերկասառույցը։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք Թալինի ճանշին, սակայն ոչ մի արդյունք։ Այսօր՝ փետրվարի 19-ին գյուղացիները ստիպված հերթական անգամ իրենց ուժերով բացում են ճանապարհը, քանի որ գյուղում կան 5 հոգուց ավելի անկողնային հիվանդներ, որոնց միայն ճանապարհը բացելուց հետո հնարավոր կլինի կամ տեղափոխել Թալինի հիվանդանոց, կամ շտապօգնություն կանչել գյուղ։ Լրիվ անարխիա է տիրում։ Հիմնական մեղավորը Թալինի ճանշինն է․ անընդհատ պնդում էին գյուղացիները։ Առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններ է, Արագածոտնի մարզպետը ի՞նչ երեսով է իր «մունետիկներին» ուղարկելու մեր գյուղ, որպեսզի մենք մասնակցենք ընտրությանը։ Բնակիչների միակ հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն ու Կապի նախարար Վահան Մարտիրոսյանն է, որպեսզի վարչապետը կարողանա դեպի գյուղացին դարձի բերել մարզպետարանին, իսկ Կապի նախարարն էլ՝ Թալինի ճանշինին։
