Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու. Միքայել Մելքումյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր էր հեռացել: «Ես ասել եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն է, որովհետև նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում: Իշխանության չլճացման համար, որպեսզի իշխանությունը նաև մրցունակ դառնա այս փուլում, պետք է քաղաքական մրցապայքար ապահովել»,- նշեց նա: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ի շարքային անդամ լինելով, կգլխավորի նախընտրական ցուցակը, Մելքումյանը պատասխանեց. «Ծառուկյանը ԲՀԿ շարքային անդամ չէ, նա ԲՀԿ-ի հիմնադիրն է ու առաջնորդն է, դե ֆակտո առաջնորդն է, սա պետք է արձանգրենք: Իսկ կգլխավորի, թե ոչ և ինչ ձևաչափով, դա Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի, կարծում եմ՝ նրա հայտարարությունը չի ուշանա, առաջիկայում այդ մասին հանդես կգա»:
