Շմայսը սպառնում էր, հայհոյում,Ռուբեն Հակոբյանն էլ միանգամից փորձել է.Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կոչ արեց լրագրողական համայնքին միասնական լինել: «Լավ կլիներ, որ միասնական հայտարարություն արվեր և դա շատ զորեղ կհնչեր: Մեր կյանքում տեղի ունեցող անպատժելիությունը տեսնում ենք նաև այստեղ: Շմայսը սպառնում էր, հայհոյում, այսինքն՝ ամեն մեկն իր ձևով է արտահայտվում: Ռուբեն Հակոբյանն էլ միանգամից փորձել է, այսպես ասած, դաստիարակի: Սա նշանակում է, որ պաշտոնյաներն իրենց զսպման մեթոդներ ունեն, ու եթե ինչ-որ մեկն իրենց մասին ինչ-որ բան է ասում, ուրեմն՝ այդ հաշվեհարդարը այդպես է: Ռուբեն Հակոբյանը պատմության մեջ կմնա որպես լրագրողին ծեծող, բոլորը կհիշեն դա, սա ավելի է, քան լրագրողների այն պահանջը, որը ներկայացրել են նրան: Խոսքը ներողություն խնդրելու մասին է, որը Ռուբեն Հակոբյանն այդպես էլ չարեց: Անպատժելիության ստաբիլ մթնոլորտ է, որը թույլ է տալիս նման վարքագիծը»,- ասաց նա: Հիշեցնենք,որ Խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայհոյել ու հարվածել է Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին: Լրագրողը մի քանի անգամ փորձել է իրեն հետաքրքրող հարցերն ուղղել պատգամավորին, վերջինս ժխտողական պատասխաններ է տվել և ասել, որ չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: Այնուհետև լրագրողին խնդրել է առանձնանալ և տարել է խորհրդարանի այն հատվածը, որի տարածքը տեսախցիկներով չի վերահսկվում: Այնտեղ Ռուբեն Հակոբյանը մի քանի անգամ հարվածել է լրագրողին և հայհոյել: Նա լրագրողին ասել է` գնա սովորի, թե ինչպես են հարցեր տալիս:
