«Ինձ մեղավոր եմ համարում, որ 2012-ին դեբոշ չսարքեցի, երբ նմանը բազմում էր իմ տեղում». Ս. Սաֆարյան
Քաղաքագետ, նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ և պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի և այժմ անկախ, նախկինում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ափսոսանք հայտնելով, որ ինքն էլ «դեբոշ» չի սարքել ու իր աջակցությունն է հայտնել լրագրողին, ով հայտնել էր, որ պատգամավորը հարվածել է իրեն։ Ներկայացնում ենք Ստյոպա Սաֆարյանի գրառումն ամբողջությամբ: «Վահե ջան, քեզ ճանաչելով և՛ որպես մարդ, և՛ որպես լրագրող, կասկած չունեմ, որ եղել ես կոռեկտ, ինչպես միշտ: Մի տեսակ ինձ էլ եմ մեղավոր համարում, որ 2012-ին դեբոշ չսարքեցի, երբ նմանը կուսակցական ցուցակում բազմում էր իմ/մեր տեղերում, իսկ հետո կուսակցությանը բարեհաջող ռելսերից գցեց (ու ես էլ հասկացա, որ «Ժառանգությունում» կուսակցական գործունեությամբ զբաղվելն այլևս թանկ է նստում առողջությանս վրա և իմ գործը դրեցի) ու այսօր էլ այսպես է պահում իրեն: Պինդ կաց: Զորակցություններս»,-գրել է պատգամավորը։
