Հայաստանը կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ. Ադամ Շիֆ (տեսանյութ)
Ամերիկայի ձայն Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած. Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում: «Ես կարծում եմ, որ Հայաստանը շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»։ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրները. ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին: ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաև ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում: «Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են նաև, քանի որ մենք ունենք մեծ հայկական համայնք, որը չափազանց ազդեցիկ է Հայաստանում և փորձում է զարգացնել այնտեղ օրենքի գերակայությունը: Իմ ընտրատարածքում ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, սակայն մեր մտահոգությունն այն է, թե արդյոք այդ ներդրումները կպաշտպանվեն օրենքի ուժով»: Սակայն կոնգրեսականը ունի մտահոգություններ՝ Հայաստանին և ամերիկահայ համայնքին վերաբերվող հարցերի շուրջ գալիք ամերիկյան վարչակազմի հետագա դիրքորոշման վերաբերյալ, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես ասում է Շիֆը, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմի որոշ անդամներ սերտ գործնական կապեր ունեն Թուրքիայի հետ, որը բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում հայկական օրակարգի վրա: «Ես խորապես մտահոգված եմ նորընտիր նախագահի և իր թիմի անդամների, մասնավորապես ազգային անվտանգության խորհդական Ֆլինի Թուրքիայի հետ ունեցած կապերի կապակցությամբ: Նախագահը ունի տնտեսական հետաքրքրություններ Թուրքիայում և Ադրբեջանում, որը տեսանելի է Թուրքիայի մասին իրենց արած հայտարարություններում»: Կոնգրեսականի կարծիքով Թուրքիայի նկատմամբ առկա հետաքրքրությունը հատկապես դրսևորվեց Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցում, երբ առանց լուրջ հիմնավորումների Թրամփի թիմի որոշ անդամներ կոչ էին անում ԱՄՆ-ին հանձնել Գյուլենին Թուրքիային: Հարցազրույցի ընթացքում կոնգրեսական Շիֆը անդրադառձավ նաև սիրիական ճգնաժամին ու քննադատության ենթարկեց Ռուսաստանի դերակատարությունն այս հակամարտությունում, որը ուժեղացնում է Բաշար Ասադի դիրքերն ու համուզում նրան, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով: «Սիրիական ճգնաժամը խոշոր մարդասիրական ճգնաժամ է, որի արդյունքում ունենք Երկրորդ աշխարհամարտից ի վեր շատ ավելի փախստականներ՝ մնացած հակամարտությունների հետ համեմատած: Կարծում եմ ամբողջ աշխարհի ջանքերը պետք է միտված լինեն այս հակամարտության դադարեցմանը: Ցավոք սրտի, Ռուսաստանն այս հակամարտությունում ունի բացասական դեր: Նրա գործողությունները հակամարտությունը երկարացնում են: Ռուսաստանը ասել էր, որ միանում է ԴԱԵՇ-ի դեմ պայքարի, սակայն իրականում ակնհայտ է, որ իր հիմնական թիրախն է Սիրիայի չափավոր ընդդիմությունը»: Նա դրական գնահատեց Հայաստանի ներդրումը Սիրիայից փախստականներին ընդունելու և նրանց քաղաքացիություն շնորհելու հարցում՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից օգնության տրամադրման անհրաժեշտությունը: «Ես անում եմ ամեն ինչ, որ Հայաստանը ստանա օժանդակություն ՄԱԿ-ի կառույցներից և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից՝ փախստականներին օգնելու համար»: Նա նաև կարևորեց Սիրիայում և Իրաքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցը, որոնց թվում են այս երկրներում դարեր ի վեր ապրող հայկական համայնքները:
