«Խայտառակ նախագիծ է». Գագիկ Ջհանգիրյանի կոշտ ելույթը
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ դեռևս 1995 թվականի Սահմանադրությամբ՝ Դատախազությունից հանվեց միջդատական վարույթի իրականացման կամ նախաքննության իրականացման լիազորությունը, քանի որ ակնհայտ էր, որ նույն մարմինը չէր կարող և՛ նախաքննություն իրականացնել, և՛ այդ նախաքննության նկատմամբ օբյեկտիվ, անկողմնակալ հսկողություն իրականացնել. «Սա արվում էր 1995-ից մինչ օրս, որպեսզի քննիչը չընդգրկվեր ոչ մեղադրանքի, ոչ պաշտպանության կողմում: Քննիչի ինքնուրույնությունը պետք է լիներ ազդեցություն եւ լծակներ ունեցող մարմիններից»: Գագիկ Ջհանգիրյանը բարկացավ՝ հիմա այս մի թեթեւ հարվածով քար են գլորում այդ անիվի տակ. «Ամբողջ կոնցեպցիայի հերն անիծում է, եթե կուզեք: Պարո՛ն Սահակյան, ես կոչ եմ անում, հասկանում եմ, որ անհետաձգելի է, դուք էլ դնելու եք քվեարկության, բայց չի՛ կարելի: Դուք, հին իշխանությունը մի ուղղությամբ 20 տարի է՝ գալիս ենք, ինչպե՞ս կարելի է դնել դա հարվածի տակ:Այս նախագիծը կարելի է ընդունել, բայց այն, ինչ մենք այսօր անում ենք, քննիչին իրավունք ենք տալիս բողոքարկել դատախազի որոշումը՝ քննիչին սարքելով շահագրգիռ կողմ։ Այսինքն՝ մենք 15-20 տարի մի քաղաքականություն տարել ենք աստիճանաբար, եկել-հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է հաջորդ քայլը կատարենք, փորձենք քննիչի ու նախաքննական մարմնի ինքնուրույնությունը, անկախությունն ապահովենք, մենք հիմա այսպես մի թեթև հարվածով մի լուրջ քար ենք գլորում այդ անիվի տակ»: Սոնա Դավթյան
