Հայ սպան մտադրվել է հանձնվե՞լ Ադրբեջանին. զինվորականի կինը` ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքի մասին
Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, որ հայ սպա Նորայր Ժորայի Մինասյանը դիմել է Վահան Մարտիրոսյանին՝ խնդրանքով օգնություն ցուցաբերել և օգնել տեղափոխվել Ադրբեջան:
Վերջինս ցանկություն է հայտնել Բաքվում մամուլի ասուլիս անցկացնել: 36-ամյա Ն.Մինասյանը ծառայել է №70179 զորամասում Նախիջևանի սահմանին: 2014թ. Մինասյանը ձերբակալվել է զորամասն ինքնակամ լքելու մեջ մեղադրանքով: Մինասյանը, ով այժմ գտնվում է Սոչիում, պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Մենք հիմա դա ուսումնասիրում ենք, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ասածներին պետք է շատ լուրջ վերապահումներով մոտենանք»: Գևորգ Ալթունյանի խոսքով ՝ այս պահին կատարվում են ուսումնասիրություններ, ճշտվում է տեղեկությունը. «Հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանը, հետո նոր հաղորդագրություն կտարածենք: Քիչ ավելի ուշ ամեն ինչ ավելի հստակ կլինի»: Կայքին հաջողվել է խոսել Նորայր Մինասյանի կնոջ հետ:
Նա ասել է, որ ամուսինը հայրենասեր մարդ է, ծառայել է Քարվաճառում, ունի նաև հեղինակած գրքեր, ֆիլմեր: Կինը բացառեց Ադրբեջանին հանձնվելու մտադրությունը վստահեցնելով , որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում:
armlur.am
