Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ. Խաչատուր Քոքոբելյան
«Ապատեղեկատվություն է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ես դիմել եմ «Համախմբում» կուսակցությանը միանալու խնդրանքով, մինչդեռ ինձ մերժել են։ Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ։ Ընդդիմադիր դաշտում գրեթե չկա որևիցե քաղաքական ուժ, որը մեզ հետ բանակցած չլինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այս դաշտում գործող ցանկացած գործընկերոջ։ Բայց մենք դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք, դա նորություն չէ», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը : Մենք կողմնակիցն ենք միավորվելու, բայց այնպիսի միավորումների, որտեղ սկզբունքային հարցերը «Ազատ դեմոկրատների» համար միշտ սկզբունքային են եղել,ասաց նա և ընդգծեց, որ այս պահի դրությամբ չի կարող նշել որևէ քաղաքական ուժի, որի հետ բանակցություններ են տարվում։ «Ես անուններ չեմ տա, որովհետև դա չեմ համարում ճիշտ։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում կլինեն հրապարակումներ։ Ինչպես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն նաև անհատների առումով», - ընդգծեց նա։ Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ իրենց քաղաքական օրակարգում նոր բան տեղի չի ունեցել։ Ընտրություններին կուսակցությունը կմասնակցի իր ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով։
