Արեւիկում բոլորն անխտիր գրավադրել են իրենց տները
«Եկող տարվա ապրիլյան ընտրություններից առաջ սա վերջին լիարժեք ԱԺ նստաշրջանի լիարժեք քառօրյան է: ԱԺ-ն պետք է լիներ կենսական մարմին՝ մարդկանց առաջնահերթ հարցերով զբաղվելու համար: Եթե լուրջ ընդունենք ձեր հայտարարությունները, թե ԱԺ-ն ամենակարեւոր ատյանն է դառնում, այդ դեպքում ինչպե՞ս է ԱԺ-ն որոշում քննարկվող հարցերի առաջնահերթությունը »,-ԱԺ այսօրվա քառօրյայում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Արմավիրում երեկ հանդիպումներ եմ ունեցել ու արձանագրել եմ տխուր վիճակ: Մարդիկ զանգվածային թաղված են վարկերի փոսի մեջ, ու վիճակը վատթարանալու միտում ունեն: Սա նշանակում է, որ խնդիրը համակարգային է ու ԱԺ-ն իր ուշադրությունը պետք է դարձնի: Արեւիկ գյուղում, օրինակ, բոլորն անխտիր գրավադրել են իրենց տները: Մի՞թե հնարավոր չէ հենց ձեր նախաձեռնությամբ, պարոն Գալուստ Սահակյան, լսումներ անցկացնել այս կարեւորագույն խնդրի շուրջ՝ այս աղետալի վիճակին լուծում տալու համար, այլ ոչ թե սենց հանգիստ գնանք Նոր տարվա տոներ»,-նշեց նա,ինչին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց , որ սա վերջին նստաշրջանը չէ. «Այդքան մեծ հմտություն պետք չէ՝ պատասխանելու համար: Դուք ընդամենը ուզում էիք, որ ժողովուրդը լսեր ձեր այցերի մասին: Որ հանձնաժողովի անդամ եք, այդտեղ լսումներ պատրաստեք, քննարկենք»: «Դուք ինձ նախատեցիք, որ հանդիպումների մասին տեղեկացնում եմ, մինչդեռ հանդիպելը ոչ թե խնդիր է, որի համար պետք է նախատել, այլ ամեն քաղաքական գործչի թասիբն է: Վարչապետի հետ միասին դուք էլ գնացեք այդ գյուղերը, հենց թեկուզ Արեւիկ, ու այդ հարցերը քննարկեք»,-նշեց Զուրաբյանը: «Ձեր ասած խնդիրները ոչ միան դուք գիտեք, այլեւ կառավարությունը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
