Որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած հորը սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում/տեսանյութ/
Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած՝ երեխայի հորը սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրական եզրակացության՝ մահացած երեխայի հայրը՝ Գագիկ Խանփերյանը, սեպտեմբերի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանում հանդիպել է իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանին: Վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով Խանփերյանը դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, ինչի հետևանքով Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս: Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Խանփերյանը կալանավորված է:
