Ծաղկաձորում բացված հյուրանոցը պատկանում է Բեգլարյաններին
Այսօր Ծաղկաձորում բացվեց 43-րդ հյուրանոցը` «Արարատ Ռեզորտ»-ը, որի տնօրենը Հայկ Բեգլարյանն է: Ծաղկաձորի քաղաքապետը՝ Արթուր Հարությունյանը, hraparak.am-ին տեղեկացրել է, որ ներդրվել է շուրջ 7,5 մլրդ դրամ, որի արդյունքում ստեղծվել է 120 աշխատատեղ: «Հյուրանոցի ունի 80 սենյակ:
Մեկ սենյակը 2 անձի համար գինը սկսվում է 23 հազար դրամից մինչեւ 90 հազար դրամ: Շատ լավ նախաձեռնություն էր, 120 աշխատեղ բացվեց, ասեմ, որ մեծամասնությունը Հրազդան քաղաքից են»,-ասաց Արթուր Հարությունյանը: Հյուրանոցի բացմանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, քաղաքապետեր, հյուրանոցների տնօրեններ եւ այլոք:
Դեռ ամիսներ առաջ մամուլում գրվեց, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Արամ Դանիելյանին օգնել են Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղն ու նրա փեսան: Շրջանառվող լուրերի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո Դանիելյանը, որպես փոխհատուցում, Ֆլեշ Բարսեղին հողատարածքներ կամ քաղաքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույք է տալիս: Նախորդ ընտրություններից հետո, օրինակ, Ծաղկաձոր մտնող ճանապարհի ձախ հատվածում «Արարատ» անունով ռեստորան բացվեց: Եվ ահա այս տարի այդ ռեստորանը արդեն դարձավ «Արարատ Ռեզորտ» հյուրանոց:
hraparak.am
