«Օրենք հարգող մարդ եմ. վճարելու եմ». Արամ Մանուկյան
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով դեմ էր քվեարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից օրենքների փաթեթին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ օրենքի ընդունման դեպքում, ինքը ևս կվճարի պահանջվող գումարը։ «Եթե օրենք դարձավ, ես օրենք հարգող մարդ եմ. վճարելու եմ, բայց մեր ասածն այն է, որ սա պետբյուջեի լիազորություն դարձնենք և գնանք այն ճանապարհով, որ մենք ենք առաջարկում», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ ինքն առնվազն 10 ճանապարհ է առաջարկել պահանջվող գումարները պետբյուջե բերելու համար։ Պատգամավորն ընդգծեց, որ խնդիրը շատ ավելի պարզ է՝ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու գրպանը պիտի չմտնի, այլ ինքը պիտի գումար տա այդ խնդիրները լուծելու համար։ «Ցանկացած մարդ էլ ուզում է օգնել բանակին, բայց եթե իշխանությունը կառավարության սկզբունքի հիման վրա գնար խնդրի լուծմանն, ապա շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետև պարտադիրը մարդուն բերում է հակադրվելու», - ասաց նա։
