1000 դրամները կդառնա՞ն կամավոր
1000 դրամ պարտադիր վճարները կամավոր դարձնելու մասին առաջարկ է ներկայացվել, և հարցը ենթակա է քննարկման օրինագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա` ստիպողաբար որևէ բան չի լինի: Բաղդասարյանը շեշտեց, որ կա առաջարկություն, որ օրենքի նախագծից հանվի պարտադիրի բաղադրիչը, և կամավորության սկզբունքը գործի, դա քննարկվում է: «Պարտադիր սկզբունքը կարող է լինել քննարկման առարկա: Իրոք, ստիպողաբար ոչինչ չի կարող անել: Նման առաջարկ անողները երևի ուզում են արդարացնել դեմ քվեարկելը: Զարմանալի էր, որ նմանատիպ առաջարկի ժամանակ կարող ենք ունենալ դեմ: Պետք չէ արդարանալ, մեր հանրությունը ներողամիտ է, կների»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
