«ՏԿՆ աշխատակիցներին մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի. իր գործն էդ ավտոբուսների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ոնց են գնում-գալիս»
Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատմանը, ասաց, որ ինչքան դուրս գրած ավտո ու մետաղաջարդոն կար, հանեցին ծախեցին: Բայց այսօր կառավարությունը ծառայողական մեքենաների վրա տարեկան ավելի շատ գումար է ծախսում, քան սահմանամերձ բնակավայրերի: «Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն: Մինչդեռ իր գործը ժողովրդի համար գործի ու տուն գնալու պայմանն ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի մեջ է, երթուղայինի մեջ է: Տրանսպորտի նախարարության պաշտոնյայի գործը միջմարզային տրանսպորտ ապահովելն է, բայց նրան ճոխ մեքենա ենք տալիս, ասում ենք՝ ախպեր, գնա մարզ արի: Իրա գործը երթուղայինների մեջ է, թող մի հատ նստի, տեսնի մարդիկ ոնց են գնում-գալիս»,- ասաց նա: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում պետք է լինի 30-35 ծառայողական ավտոմեքենա, այն էլ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար:
