Կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել. Նիկոլ Փաշինյան
«Վերջին 10-12 տարիներին ՀՀ-ում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քանի դեռ այս տնտեսական մոդելն է գործում, ապա Հայաստանի տնտեսությունը, պատգամավորի խոսքով, կախված է լինելու, այսպես ասած, արտաքին շոկերից: Այդ պայմաններում, նրա խոսքով, ընդամենը երկու տեղեկություն ենք փորձելու ճշտել՝ հանքաքարի միջազգային գինը ինչքա՞ն է, և քանի՞ մարդ է խոպան գնացել: «Տարիներ շարունակ իշխանությունները խոսում են՝ ռազմարդյունաբերական համալիր, ռազմարդյունաբերության համալիր, բայց բյուջեի նախագծում ռազմարդյունաբերական համալիր կապակցությունն օգտագործված է ընդամենը մեկ անգամ, այն էլ պոիսկով հազիվ եմ գտել, այն էլ մի ինչ-որ ծրագրի 13 մլն դրամ հատկացնելու կապակցությամբ»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կա 12 հազար 97 հետախուզվող, որոնց 88 տոկոսը հետախուզվում է բանակից խուսափելու համար։ Նա նշեց, որ որոշ փորձագետների գնահատմամբ՝ հետախուզվողների մի զգալի հատված արտերկրում ուսում է ստացել և ներգրավված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Մենք պետք է այդ մարդկանց գտնենք ու օրենքով ամրագրենք, որ եթե այդ մարդիկ 5 ամիս, 1 տարի կամավորական ծառայություն իրականացնեն ռազմարդյունաբերական համալիրի համար, ՀՀ-ն այդ մարդկանց հետ իր հաշիվները փակված կհամարի։ Ռազմարդյունաբերական համալիրը իր հետևից տնտեսության բոլոր ճյուղերն է տանելու»։ Սոնա Դավթյան
